ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ ուղարկված բեռները որքան կանգնեն Կոռնիձորի հատվածում, այնքան դա ցույց կտա, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը, ով այցելել էր Կոռնիձորի հատված, որտեղ կանգնած են հումանիտար բեռով բեռնատարները:
Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը: Արին Կարապետը նշեց՝ եկել է իր աչքերով տեղում տեսնելու իրավիճակը:
«Ցավոք սրտի, ոչ բեռը, ոչ մենք չենք կարող անցնել այս միջանցքով: Հիմա Արցախի 120 հազար բնակիչ շուրջ 8 ամիս շրջափակման մեջ է: Ամբողջ աշխարհն էլ տեսնում է, որ բեռները չեն կարողանում անցնել»,-ասաց Կարապետը:
Ըստ նրա՝ հիմա պետք է Հայաստանը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Շվեդիան անեն հնարավորինը բեռն անցկացնելու համար: «Լաչինի միջանցքը պետք է բացվի, ուրիշ ճանապարհ չկա»,-ընդգծեց Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը:
Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը չի բացում միջանցքը: Ամեն օր վիճակը վատանում է: Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշեց՝ աշխարհը սա 24 ժամ տեսնում է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ