ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանի խորհրդարանի ընդունած որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ դա շահավետ կլինի ինչպես Երևանի, այնպես էլ Բրյուսելի համար։
Շվեդիայի խորհրդարանի պատգամավորն այսպիսի տեսակետ է արտահայտել «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։
Էրիկ Հելսբորնը շատ դրական է գնահատել ՀՀ խորհրդարանի ընդունած այդ որոշումը՝ արձանագրելով, որ Եվրոպական միությանն անդամակցելու ճանապարհը երկար է և բարդ։
«Սա շատ դրական է։ Ես խորապես հավատում եմ, որ Հայաստանի ապագան ժողովրդավարական Արևմուտքի հետ է։ Իհարկե, Եվրոպական միության անդամ դառնալու ճանապարհը երկար է՝ բարձր պահանջներով, ինչպես որ պետք է լիներ Սա մեծ քայլ է և ճիշտ ուղղություն է: Կարծում եմ, որ այն շահավետ կլինի և՛ Հայաստանի, և՛ Եվրոպական միության համար»,-նշել է շվեդ պատգամավորը:
--00--ԱՀ