ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Օգոստոսի 30-ին՝ անհայտ կորածների միջազգային օրը, Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում բացվեց «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» ֆոտո ցուցահանդեսը, որին ներկա էին 2020-ի հակամարտության սրացման հետևանքով, ինչպես նաև 1990֊ականներից անհայտ կորած անձանց ընտանիքների անդամները, հայտնում է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը․
«Այս օրը հիշեցում է բոլորիս համար կորստի և բացակայության ցավի մասին։ Բայց այն ընտանիքի համար, որ ապրում է տառապանքի և անորոշության մեջ, այն ընտանիքի համար, որի սիրելին անհայտ բացակայում է, անհայտ կորածի հիշատակման օրն ամե՛ն օր է», - իր խոսքում նշել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն։
Ճանաչված լուսանկարիչ Areg Balayan-ի կողմից արված լուսանկարների միջոցով ընտանիքները փորձել են հանրությանը փոխանցել սպասման ծանր բեռին դիմակայելու դժվարությունները։
Թարմացում․ ցուցահանդեսի մուտքը բաց կլինի մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ։
--00—ՍՊ