BBC-ի հարցազրույցը Արտակ Բեգլարյանի և Սերժ Թանկյանի հետ հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

բբս

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի և ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ BBC-ի հարցազրույցը հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը։ Այս մասին հայտնում է artsakhpress.am-ը։

«BBC-ն զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ շահարկումներով, ստի տարածմամբ»,- X-ի (նախկին Թվիթեր) իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։



BBC-ի Context հաղորդման ընթացքում Բեգլարյանն ու Թանկյանը պատմել են Լաչինի միջանցքի արգելափակման, Ալիևի վարչակազմի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։



Թանկյանը քննադատել է միջազգային հանրությանը՝ ռուսական էներգակիրները Ադրբեջանի միջոցով ստանալու դիմաց Բաքվի գործողություններին պատշաճ գնահատական չտալու, համարժեք գործողություններ չձեռնարկելու համար։



Ամերիկահայ երաժիշտը նաև Մեծ Բրիտանիային է մեղադրել Բաքվի հետ ունեցած բիզնես կապերի պատճառով լռելու համար։



Խոսքի ազատության առումով աշխարհի ետնապահներից համարվող Ադրբեջանում BBC-ի հաղորդումը, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայության գործունեությունը քննադատել է նաև «Ադրբեջանի մամուլի խորհուրդ» կազմակերպությունը։



Կառույցի գնահատմամբ, այդ լրտվամիջոցը «ոչ օբյեկտիվ նյութեր և կանխակալ հայտարարություններ է անում»։



«Կա՛մ այդ մեդիա-կառույցը պետք է ներողություն խնդրի և հարգի մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կա՛մ դրա գործունեությունն Ադրբեջանում պետք է դադարեցվի, հավատարմագիրը չեղարկվի»,- ասվում է ադրբեջանցի լրագրողներին միավորող կազմակերպության հայտարարությունում, գրում է infoport.am-ը։

--00—ԼՀ