ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Երևան քաղաքի պոլիկլինիկաներն ամբողջությամբ հիմնանորոգելու նպատակ է դրված, արդեն հինգ պոլիկլինիկա է ամբողջապես նորոգվել։ Կոտրելու ենք ԽՍՀՄ-ից մնացած պատկերացումները, թևակոխելու ենք արդի ժամանակակից առողջապահության շրջափուլ։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների միավորմանը, ապա փոխքաղաքապետը նշեց, որ խոշորացումն ինքնանպատակ չէ, խղճուկ և թույլ հաստատությունների փոխարեն պետք է ունենալ մրցունակ առողջապահական կազմակերպություններ։ Քննարկվում է նաև, որ պոլիկլինիկաներից մեկը վերապրոֆիլավորվի և ծառայի որպես մանկապարտեզ։
«Հայկ Մարությանի օրոք առողջապահության ոլորտում գրեթե ոչինչ չի արվել, իրավիճակային լուծումներ է տրվել, 6-7 պոլիկլինիկայի սանհանգույց է վերանորոգվել, ցրված, աննպատակ անարդյունավետ աշխատանքներ են իրականացվել, իսկ մենք հինգ պոլիկլինիկա հիմնանորոգել ենք։ 2018-ից առողջապահության ոլորտում բավարար ուշադրություն չի դարձվել, ամենահետամնաց ոլորտն է եղել»,-ավելացրեց Սիմոնյանը։
Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման մասին քննադատություններին՝ փոխքաղաքապետը նշեց․ «Վարչական ռեսուրսի մասին խոսակցությունները անհեթեթ են, 2018 թվականից ի վեր որևէ ընտրական պրոցես չի արձանագրվել, որ շեղվել է օրենքից և մեր սկզբունքներից։ Քաղաքական թիմ ենք, միասին ճանապարհ ենք անցել, մարզպետներն էլ կարող են մասնակցել քարոզարշավին, դա գործընկերային մոտեցում է, վարչական ռեսուրսի կիրառում չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ