ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում ութ գյուղերի հանձնման համար, նպատակ ունի այս իշխանության օրոք հասնել առավելագույնի։ Այդ տարածքները իրավական հիմքեր չունեն, բայց Փաշինյանը հռչակել է ադրբեջանական տարածքներ՝ դարձնելով այն վիճելի հարց։ Ժամանակին ասում էին՝ պետք է Արցախը հանձնենք, որ հանգիստ ապրենք, հիմա էլ պատրաստ են Հայաստանից նոր տարածքներ զիջել , որը իբրև թե բերելու է խաղաղություն։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով Արցախի քաղաքական էլիտայի հետագա գործողություններից և անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն տեսակետին, որ ՀՀ-ում չպետք է Արցախի պետական ինստիտուտները գործեն, քանի որ այն անվտանգային համատեքստում սխալ է, Աբրահամյանը ընդգծեց, որ իշխանությունը փակում է Արցախի հարցը՝ ոչնչացնելով վերջին բեկորները և այն դիտարկելով սպառնալիք։ «Արցախի բարձր քաղաքական էլիտան, բացառությամբ մի քանի պատգամավորների, դեռևս քաղաքական գնահատական չի հնչեցրել, թե ով է ստեղծված իրավիճակի մեղավորը։ Չի ձևակերպվել նաև, թե ինչ ճանապարհով է Արցախն առաջ շարժվելու»։
Ինչ վերաբերում է Արցախի ղեկավարության հանդեպ հնարավոր քրեական հետապնդումներին, պատգամավորը նշեց, որ Արցախում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է քննության առարկա դառնան․ «Արցախի որոշ դեմքեր ծանր հոդվածներով պետք է դատվեն, մի շարք հարցեր կան՝ վերջին շրջանի ֆինանսական չարաշահումներ, վառելիքաքսուկային պայթյունի հանգամանքներ, որի պատճառով 200-ից ավելի մարդ է մահացել։ Նույնը վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին․ Սամվել Բաբայանը հայտարարում է, որ բանակցել է Բաքվի հետ, բայց որևէ մեկը տեղյակ չէ, թե ով է նրան տվել լիազորություն և ինչ փաստաթուղթ է դա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ