ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն շուտով Երևանին կփոխանցի «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունների պատասխանը, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը։
«Այժմ ձևավորվում է ադրբեջանական կողմի կարծիքը՝ ի պատասխան հայկական կողմի վերջին առաջարկությունների և մեկնաբանությունների խաղաղ պայմանագրի վերաբերյալ, պատասխանը կտրվի մոտ ապագայում», - «Ինտերֆաքս-Ադրբեջանի» փոխանցմամբ՝ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հավելել է, որ իրատեսական է համարում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։
«Պատմական հնարավորություն է ստեղծվել ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար, Ադրբեջանն ու Թուրքիան կարծում են, որ պետք է լինի խաղաղություն և նորմալ հարաբերություններ հարևան երկրների միջև: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա նույն դիրքորոշմանը: Այս դեպքում շատ կան դրական արդյունքի հասնելու իրական հնարավորություններ»,- ընդգծել է Բայրամովը։
--00--ԼՀ