ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Բաքուն Փարիզին հրավիրել է մասնակցելու Ադրբեջանում ֆրանսիական հետախուզական ցանցի գործունեության հետաքննությանը, սակայն պատասխան չի ստացել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
«Ֆրանսիական կողմին գրություն է ուղարկվել, որտեղ ներկայացված են մեր տրամադրության տակ եղած փաստերը և ապացույցները: Մենք ֆրանսիական կողմին հրավիրել ենք համագործակցել և մասնակցել այս հետախուզական ցանցի գործունեության հետաքննությանը, սակայն դեռ պատասխան չենք ստացել»,- նշել է նախարարը։
Բայրամովի խոսքով, այս գրությունը Փարիզ է փոխանցվել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների պերսոնա նոն գրատա հայտարարվելուց երկու օր առաջ․ «Եթե Ֆրանսիայի իշխանությունները վստահ լինեին իրենց դիվանագետների անմեղության մեջ, ես կարծում եմ, որ նրանք կհամաձայնեին մասնակցել հետաքննությանը»,- հավելել է նա։
--00—ՅՄ