ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Այսօր հնարավորություն ունեցանք անդրադառնալ նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից: Այս մասին Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավուքնի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:
Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։
Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ։
Հարգելի՛ ներկաներ
Այստեղ ես կցանկանայի կանգ առնել։
Մեծարգո՛ պարոն նախարար, Հարգարժա՛ն Գորդան,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի և այսօրվա համապարփակ քննարկումների համար։ Եվ վստահ եմ, որ այս քննարկումները հիանալի հիմք կհանդիսանան հետագա գործընկերության և համագործակցության համար»:
--00—ՅՄ