Կիևում գտնվող Ժոզեպ Բորելն առավոտը դիմավորել է ապաստարանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

բոր

Կիևում այցով գտնվող Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը գիշերն անցկացրել է ապաստարանում, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաքը ենթարկվել է հրթիռային հարձակման։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բորելն այս մասին հայտնել է X սոցիալական հարթակի իր էջում՝ գրառմանը կցելով լուսանկար։

«Իմ առավոտը սկսում եմ ապաստարանում, քանի որ Կիևում հնչում են օդային տագնապի ազդանշաններ», - գրել է Բորելը՝ նշելով, որ Ռուսաստանի հարձակումից ի վեր «այսպիսին է ուկրաինացի խիզախ ժողովրդի ամենօրյա իրականությունը»։

Սա 2022 թ․ փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Բորելի չորրորդ այցն է Կիև։

Անցյալ շաբաթ Եվրամիության առաջնորդները, ի վերջո համաձայնություն ստանալով նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանից, հաստատեցին առաջիկա 4 տարիների ընթացքում ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով տնտեսական և ֆինանսական օգնության հատկացումների ծրագիրը։

Սպասվում է, որ օգնության առաջին մասը Կիևը կստանա առաջիկա շաբաթներին։

--00—ԼՀ