ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
2023 թվականին ամբողջովին պետական միջոցներով հանրապետությունում իրականացվել է 501 կմ ճանապարհների ասֆալտապատում։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բացի այդ իրականացվել է ևս 55 կմ ճանապարհի ներքին շերտի ասֆալտապատում, որի վերջին շերտի ասֆալտապատումը կիրականացվի այս գարնանը։
«Ընդ որում՝ մեր հայրենակիցներից շատերը հաճախ այդ ճանապարհներին երթևեկում են և չգիտեն, որ այն անավարտ է։ Ենթադրենք՝ երկու շերտը տեղադրված է, երրորդը՝ ոչ, բայց երկու շերտն արդեն լավ, երթևեկելի ճանապարհ է»,-նշեց Սանոսյանը։
Նրա տեղեկատվությամբ՝ ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի հետ մեկտեղ նախորդ տարի հանրապետությունում 800-803 կմ ճանապարհ է ասֆալտապատվել։
«Իհարկե, շատ մեծ ցուցանիշ է, բարդ է կառավարել և այդ ցուցանիշի առումով բերում է որոշ խնդիրներ։ Մյուս կողմից՝ շատ ուրախացնող է երկու առումով. նախ՝ այդքան ենթակառուցվածք է բարելավվել՝ իր բոլոր տնտեսական հետևանքներով, և երկրորդը՝ դա նշանակում է մեր երկրում այս ոլորտում մենք կարողացել ենք մասնավոր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ձևավորել այնքան կարողություն, որ հայաստանյան շինարարական ընկերությունները կարողանան 800 կմ ճանապարհ ասֆալտապատել, ինչը բավականին լավ արդյունք է»,-ընդգծեց նախարարը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ