ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը:
«Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության եւ գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաեւ լոգիստիկ եւ փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարեւորել է Հակոբ Արշակյանը:
Վեհաժողովի շրջանակում հայկական պատվիրակության հաջորդ հանդիպումը եղել է Հնդկաստանի խորհրդարանի փոխնախագահ Հարիվանշ Նարայանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ։
Հակոբ Արշակյանը, ողջունելով Հնդկաստանի պատվիրակությանը, նշել է․ «Հայաստանը մեծապես կարեւորում է Հնդկաստանի հետ իր գործընկերությունը: Մեր բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունի, եւ կարող ենք վստահորեն փաստել, որ այդ ավանդական բարեկամությունն այսօր արտացոլվում է երկու երկրների հարաբերություններում։ Հայ-հնդկական հարաբերությունները գտնվում են որակական նոր մակարդակում, եւ երկուստեք ջանքերը պետք է մեկտեղվեն՝ այդ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար»:
ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, գիտության եւ կրթության, տեղեկատվության եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում:
Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է երկու երկրների միջեւ՝ Հայաստան-Նյու Դելի ուղիղ ավիաչվերթների հարցը:
--00—ՅՄ