ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ադրբեջանը, սահմանին սադրանքներ անելով, ցույց է տալիս, որ հետ չի կանգնելու, ինչ ուզում՝ անում է, շարունակելու են ճնշումները Հայաստանի վրա, իշխանությունը պետք է համապատասխան գործողություններ իրականացնի։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ապրիլի 6-ին Ադրբեջանի կողմից սահմանագոտու մի շարք ուղղություններով տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ բացելու հանգամանքին։
Խոսելով Տավուշի տարածքներից, որոնք Նիկոլ Փաշինյանը համարում է ադրբեջանական և ասում՝ պետք է վերադարձնել, Օհանյանը ընդգծեց, որ Տավուշի այդ տարածքներն ադրբեջանական չեն, նման հայտարարություններով Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում։
«Փաշինյանի գործողություններն ապօրինի են և Սահմանադրությանը չեն համապատասխանում, սահմանազատումը պետք է իրականացվի փաստաթղթերի հիման վրա։ Եթե Ադրբեջանը հրաժարվում է ԽՍՀՄ քարտեզներից, ինչո՞ւ ենք մենք Տավուշի տարածքները համարում Ադրբեջանի տարածք»,- նկատեց ՊՆ նախկին նախարարը։
Օհանյանի խոսքով, այս խնդիրը միայն Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի խնդիրը չէ, բոլորինն է, և ժողովուրդը պետք է դիմադրություն ցույց տա․ «Հանդիպումներ ենք ունեցել տեղացիների հետ, բնակիչները դեմ են Տավուշից տարածքներ տալուն, բայց Փաշինյանը նրանց վախեցնում է պատերազմով և ասում, որ այն ավարտվելու է պարտությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ