ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Վաղ առավոտյան 05:00-06:00-ի կողմերը Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչների ակցիան վերջացավ, բայց հիմա նորից գնում ենք գյուղերով: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Դանիելյանից հետաքրքրվեցինք, իսկ մարզպետը եկել էր, որին Նիկոլ Փաշինյանի հետ միասին պահանջում էին գյուղացիները. «Հա, եկել էր, հեռու կանգնել էր ակցիայից, իրավիճակին էր հետևում»,- մանրամասնեց պատգամավորը:
Դանիելյանի խոսքով՝ միայն Բաղանիսի ու Ոսկեպարի ժողովուրդը չէին միջպետական ճանապարհը փակել. «Ե´վ Բաղանիսից էին, և´ Ոսկեպարից, և´ Ոսկեվանից, ինչպես նաև Կոթիից կային մարդիկ, Ջուջևանից էլ կային մարդիկ»:
Տեղեկացանք, որ միջպետական ճանապարհը փակ է եղել Բաղանիսի կողմից, ինչպես նաև Կիրանցի: Կիրանցի բնակիչները հետո գնացել միացել են ընդհանուրին:
24News-ին հայտնի դարձավ նաև, որ մարզի ոստիկանապետի գլխավորությամբ բազմաթիվ ոստիկաններ են եղել` Նոյեմբերյանից, Իջևանից, Շամշադինից:
24News-ը կապ հաստատեց Կիրանցի ղեկավար Կամո Շահինյանի հետ, վերջինս նշեց, որ շատ զբաղված է չի կարող խոսել և կոչ արեց գնալ Կիրանց:
Ոսկեպարի ղեկավար Իշխան Աղբալյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց. «Մենք առայժմ ոչ մի գործողություն չենք անում, մինչև, որ բնակիչները կորոշեն, դա մեկ մարդու որոշելու հարց չի»:
Հիշեցնենք՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ