Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1137454

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։

Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։

«Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, դրոշը կխոնարհվի՝ ի նշան նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցողների հանդեպ հարգանքի և  ի նշան եղբայրական Իրանի հետ համերաշխության», - գրել է Շարիֆը:

Կառավարության ղեկավարը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։

«Ես անհանգստությամբ հետևում էի նախագահ Ռայիսիի ուղղաթիռի արտակարգ վայրէջքի մասին հաղորդագրությունների հետ կապված զարգացումներին: Լավ նորությունների հույս ունեի: Ավաղ, դա տեղի չունեցավ: Ես Պակիստանի կառավարության և ժողովրդի հետ միասին հայտնում եմ մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն Իրանի ժողովրդին այս սոսկալի կորստի կապակցությամբ»,- նշել է Շարիֆը։

--00—ՅՄ