ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Հեղեղումների հետևանքով Ալավերդուց դեպի Այրում և Բագրատաշեն տանող ճանապարհը բազմաթիվ հատվածներում վնասվել կամ գրեթե ամբողջովին քանդվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալավերդիում լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին, խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ու անելիքներին:
«Մենք գետի աջ և ձախ ափերին ունենք բնակավայրեր, որոնց հետ կապի որոշակի խնդիրներ կան: Եվ հիմա մարդիկ աշխատում են, տեխնիկաները կմոտեցնենք, որոշակի դաշտային կամ լեռնային ճանապարհներ կան, որոնք կփորձենք մի քիչ կարգավորել և անցանելիությունն ապահովել»,- ներկայացրեց Սանոսյանը:
Նրա խոսքով՝ այս պահին խնդիրներ են առկա Ալավերդու «Սանահին կայարան» կոչվող թաղամասում, որը գտնվում է Դեբեդ գետի մյուս ափին և կտրված է բուն քաղաքից:
«Փրկարար ծառայության գործընկերները կարողացան պարանների միջոցով կապ հաստատել և սնունդ ու այլ անրաժեշտ պարագաներ տեղափոխել: Այնտեղ հիմա աշխատում են, գնահատում են մարդկանց վիճակը, եթե կարիք լինի, իրենց հնարավոր է սարքավորումների կամ պարանների միջոցով տեղափոխել այս ափ»,- մանրամասնեց նախարարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ