Տեղի ունեցածն անթույլատրելի է, ի՞նչ ժողովուրդ դարձանք․ Հեքեքյանը՝ Վեհափառի հետ կապված միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Tigran-Heqeqyan

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը 24News-ի հետ զրույցում անդրադարձել է Սարդարապատում Վեհափառ Հայրապետի նկատմամբ տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ նշված դրվագը չի տեսել, քանի որ համերգներով Սյունիքի մարզում է եղել։ Նրա խոսքով, տեղի ունեցածի մասին լսել է մի քանի մեկնաբանություն՝ ընդգծելով, որ այն, ինչ եղել է անթույլատրելի է։ 

«Քաղաքական տարբեր խարդավանքներ են, մեկը մյուսին չի թողնում, մեկը մյուսից առաջ է ուզում ընկնել: Պառակտման մղող, պառակտման արդյունք է, անթույլատրելի գործողություններ են»,-ասել է նա։

Հեքեքյանը նշել է, որ անհատի տեղաշարժը սահմանափակելն արդեն լավ չէ, իսկ Սարդարապատը համահայկական հաղթանակի, միասնության, հավաքականության խորհրդանիշ է․ «Ինչպե՞ս կարելի է այդ հուշակոթողը դարձնել խարդավանքների, ինչ-որ մեկին բան ապացուցելու միջոց, այն էլ տոնական օրով»: 

Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի մուտքն արգելելուն, նա ասել է, որ ցանկացած մարդու տեղաշարժը խոչընդոտելը, այն էլ ոչ թե օրինական արգելքի միջոցով, այլ բիրտ ուժով, առանց բացատրության, հարիր չէ քաղաքակիրթ ու դեմոկրատական հանրությանը․ «Վեհափառ Հայրապետի «ինստիտուտն» ընկալում եմ՝ որպես մեր ազգային խորհրդանիշ, այդքանով ինձ համար ամեն բան ասված է»։

«Վատ եմ ընդունում տեղի ունեցածը, նեղված եմ շատ, այս ի՞նչ ժողովուրդ մենք դարձանք, որ այսպիսի խարդավանքներ իրար հանդեպ հյուսենք»,-ընդգծել է Հեքեքյանը:

«Մենք գնացել էինք Սյունիք, սյունյաց աշխարհի երգչախմբերին միավորելու և բեմում Շինուհայր, Գորիս, Կապան, Մեղրի, Տաթև տարբեր համայնքներ միասին երգելու, այդ թվում նաև Սարդարապատին նվիրված հզոր ստեղծագործությունը: Այսինքն, մենք գնում ենք միավորման ճանապարհով, մինչդեռ այդ ժամանակ Սարդարապատի կոթողի մատույցներում, մեր պետական, քաղաքական այրերը հակառակ քարոզն են անում։ Մենք ի՞նչ սերունդ ենք ուզում դաստիարակել»,-եզրափակել է իր խոսքը նա:

Մերի Մանուկյան

--00—ՅՄ