ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Բելգիայում հուլիսի 9-ին կայանալիք շրջանային, դաշնային և եվրոպական ընտրություններում ներկայացված է հինգ հայ թեկնածու։ Մեկը՝ Բրյուսելի շրջանային, երկուսը՝ ֆեդերալ, մյուս երկուսը՝ եվրոպական ընտրությունների ցուցակներում։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Բելգիայի «Ռեֆորմիստական Շարժում» (MR) կուսակցության կողմից եվրոպական ընտրություններում առաջադրված Արմինե Հարեյանը կարևորում է ներառական հասարակությունը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր տեղը և կզարգանա անկախ և պատասխանատու կերպով: Արմինեի համար կարևոր է ուժեղ, անկախ և ինքնաբավ Եվրոպա ստեղծելը, որը պաշտպանում է իր քաղաքացիներին անվտանգության մարտահրավերների դեպքում, և որն արձագանքում է բնապահպանական և կլիմայական խնդիրներին: Հայ թեկնածուն վստահ է՝ հայկական համայնքի անցած ճանապարհն ու պատմությունը կարող են միայն ու միայն հարստացնել Բելգիային, առաջ մղել նրա միջազգային օրակարգերը։
Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ անցյալ ունեք և ինչպե՞ս հայտնվեցիք քաղաքականության մեջ։
Ծնվել և մեծացել եմ Երևանում։ Երկար տարիներ աշխատել եմ տարբեր հասարակական կազմակերպություններում՝ որպես հասարակական կապերի պատասխանատու, Եվրոպական ծրագրերի կոորդինատոր։
Հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ դեռևս ուսանողական տարիներից, երբ միացել էի Հայաստանում առաջին երիտասարդական Հասարակական կազմակերպությանը՝ Երիտասարդական ակադեմիային։ Ավելի ուշ մի քանի ֆրանսախոս ընկերներով հիմնեցինք «Երիտասարդությունը Եվրոպայի համար» հասարակական կազմակերպությունը, որն առաջին եվրոպամետ ՀԿ-ն էր, և որի նպատակն էր եվրոպական արժեքների՝ ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների խթանումն ու տարածումը Հայաստանում։ Այսինքն՝ արդեն այդ տարիներից ինձ մոտ, կարծես թե, ձևավորվում էր եվրոպական արժեքների վերաբերյալ հետաքրքրություն։
2010 թվականին անձնական նպատակներով տեղափոխվեցի Բելգիա և շատ արագ հասկացա, որ հանգիստ տնային կյանքն ինձ համար չէ։ Քանի որ այդ ժամանակ բնակվում էի մի փոքրիկ բելգիական գյուղում, որտեղ հայեր չկային, փնտրեցի և գտա ինձ ամենամոտ հայկական համայնքը, որն Աախեն քաղաքում էր։ Այնտեղ հիմնեցի հայոց լեզվի և պատմության կիրակնօրյա դասավանդում, որտեղ միանգամից գրանցվեց 5-15 տարեկան 17 երեխա։
Որոշ ժամանակ անց տեղափոխվեցի Բրյուսել, որտեղ արդեն ձևավորված և բավական հին արմատներով հայկական համայնք կա։ Ներգրավվեցի համայնքի կյանքին և սկսեցինք հայկական հարցերը առաջ մղել Բելգիայի և Եվրոպայի տարբեր քաղաքական ատյաններում։ Հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ու մինչ այսօր էլ փորձում ենք Հայաստանի ու Արցախի խնդիրների ու հարևան պետության ոտնձգությունների մասին իրազեկել և համապատասխան արձագանք ակնկալել երկրի համապատասխան ատյաններից։ 2020 թվականի պատերազմից հետո Բելգիայի խորհրդարանը մի շարք բանաձևեր ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանին, որոնց ձևավորման ու առաջ մղման հարցում իմ համեստ լուման ունեմ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ