Արագ պետք է զինվենք, պատերազմը չի վերջացել, ՆԱՏՕ-ի անդամ լինելը թուրքին չի զսպելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

Ադրբեջանը, Տավուշում վերցնելով այդ չորս գյուղերը, դժվարացնում է գյուղացիների անցուդարձը։ Ադրբեջանցիների շարժը հոգեբանական ճնշում է լինելու այդ գյուղերի բնակիչների համար, եթե հատուկ ջանքեր չթափենք, կհայաթափվեն Կիրանցը, Ոսկեպարը, Բաղանիսը։ Այդ տարածքների մեջքի հետևում` մի քանի կմ հեռու, սարերով ճանապարհ պետք է կառուցած լինեինք, որը ճյուղավորված կգնար գյուղերի կողմ։ Անբարոյական ու վտանգավոր է Երևանում փողոցները վերանորոգել, երբ անվտանգության հետ կապված ճանապարհները կառուցված չեն։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «ՈՄԱ»-ի հիմնադիր-նախագահ Վովա Վարդանովը։

«Սահմանային սյուները անվտանգություն չեն ապահովելու, անվտանգության միակ երաշխիքը զինված հայկական ուժերն են։ Անուղեղ պետք է լինենք, չհասկանալու համար, որ թուրքը  չի փոխվել, ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի զսպելու նրանց, պետք է շատ արագ զինվենք ու մարտունակությունը բարձրացնենք, պատերազմը ավարտված չէ»,- ընդգծեց Վարդանովը։

Անդրադառնալով Բաքվի պահանջին, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իբր թե «Խոջալուի ցեղասպանության» համար, Վարդանովը նշեց, որ Խոջալուի օպերացիային մասնակից է, ականատես է, որ հայերը թուրք չեն սպանել։

«Աստված թող պատժի ինձ, եթե մեկ կրակոց Խոջալուում արել եմ, թուրքերի կողմից են խաղաղ բնակիչները սպանվել, կարծում եմ՝ ոչ միտումնավոր։ Մենք ջարդարար չենք, փախնողի վրա չենք կրակում, հանձնվածներին չենք մորթում, որպեսզի իրենք իրենց  գործողությունները արդարացնեն, մեզ  են հանցանքի մեջ մեղադրում։ Թող քրգործ հարուցեն ու վկայություն կտամ, որ սուտ է, թե հայերը խաղաղ բնակիչ են սպանել»,- հավելեց բանախոսը։

Մանրամասները` տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ