Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Սի Ցզինպինի և Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Capture

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Չինաստանի և Թուրքիայի առաջնորդների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

«Հիմնականում, երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը, ակնկալվում է, որ մենք կունենանք առաջին զրույցը Մոնղոլիայի նախագահի հետ, ապա՝ Ադրբեջանի և Պակիստանի նախագահների հետ։ Դրանից հետո տեղի կունենա զրույց Էրդողանի հետ, ապա հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Իսկ մինչ մասնակիցների համար ոչ պաշտոնական ընթրիքի մեկնելը, ՌԴ նախագահը կհանդիպի գագաթնաժողովը հյուրընկալող երկրի ղեկավար, պարոն Տոկաևի հետ»,- հայտնել է Ուշակովը։

ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի հուլիսի 3-4-ը Աստանայում՝ «Բազմակողմ երկխոսության ամրապնդում՝ կայուն խաղաղության և զարգացման ձգտում» կարգախոսի ներքո։

--00—ՅՄ