Ջրային պարեկային ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

 Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է  2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում: 

Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են մի շարք նորմատիվներ։

 «Պարեկների ընտրությունը կատարվում է ըստ իրենց ցանկության, սակայն կան մի շարք պահանջներ, որոնց պետք է համապատասխանի ջրային պարեկը։ Առաջին պահանջը լողալու ունակության ստուգումն է, երկրորդը ֆիզիկական պատրաստավածությունն է. երկամսյա դասընթացներից հետո համալրվում է ջրային պարեկի շարքերը»,-ասում է  Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2 րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Իշխան Հակոբյանը:

Ջրային պարեկային ծառայությունը բաղկացած է չորս հենակետից, իսկ ջրային վաշտը համալրվել է ևս 29 ծառայողով։

Ջրային պարեկային ծառայությունը համագործակցում է ՆԳՆ Փրկարար ծառայության, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Ընդերքի տեսչական  մարմնի» և համայնքային մի շարք այլ կառույցների հետ։ 

Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանքն առավել արդյունավետ է դարձնում վերահսկողությունը։

 «Ուժեղացված ռեժիմով ծառայությունը սկսվել է հուլիսի 1 ից, այսինքն՝ բացի կենտրոնական կայանից, որտեղ ծառայությունն իրականացվում էր ողջ սեզոնի ընթացքում, հիմա արդեն 24-ժամյա ծառայություն իրականացվելու է նաև հանրային երեք լողափերում, որտեղ տեղակայված են մեր հենակետերն իրենց գույք-սարքավորումներով, մոտորանավակներով։ Ջրափրկարարները տեղում իրականացնելու են շրջայցեր մոտորանավակների միջոցով, որի ժամանակ բարձրախոսներով հաղորդվելու է անվտանգության կանոնների պահպանման մասին, հետևելու են, որպեսզի լողալով չանցնեն խորքերը, և որպեսզի ջրային փոխադրամիջոցները չխանգարեն լողացողներին իրենց սահմանված տարածքում»,-ասում է Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար,  փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը։

--00—ԼՀ