ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Վատիկանյան Avvenire թերթը հրապարակել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Ալդո Ֆերրարիի հոդվածը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լեռնային Ղարաբաղ, այսպես Ադրբեջանը ջնջում է հայկական մշակույթը» խորագրով հոդվածում իտալացի պրոֆեսորը, հղում անելով «Caucasus Heritage Watch»հետազոտական ծրագրի ներկայացրած փաստերին, շեշտում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի անկումից հետո ավելի քան 50 մշակութային հայկական վայրեր ոչնչացվել կամ վնասվել են։
«Հայերն ու ադրբեջանցիները շատ հակասական հարաբերություններ ունեն՝ սկսած 1905 թվականին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ բռնկված կատաղի հակամարտությունից։ 1918-ից 1920 թվականներին ռուսական կայսրության փլուզմանը հաջորդեցին այլ դաժան բախումներ: Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանները Ադրբեջանին վերագրելու խորհրդային ընտրությունն ուժեղացրեց երկու երկրների միջև թշնամությունը: Լեռնային Ղարաբաղի հայերի` Հայաստանին միանալու խնդրանքը 1988 թվականին սկզբում պատճառ դարձավ նրանց դեմ ջարդերի ադրբեջանական Սումգայիթ և Բաքու քաղաքներում։ 1992-1994 թվականների պատերազմը ծնունդ տվեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի հայկական հանրապետությանը (տարածաշրջանի հնագույն հայկական անվանումը), որի մաս էին կազմում նաև ադրբեջանցիներով նախկինում բնակեցված տարածքներ»,- նշում է հոդվածի հեղինակը։
Ալդո Ֆերրարին հավելել է, որ երեք տասնամյակի դիվանագիտական բանակցություններն արդյունք չտվեցին, մինչև Ադրբեջանը վերականգնեց տարածաշրջանի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը՝ նախ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան հաղթական պատերազմով, ապա՝ 2023 թվականի սեպտեմբերին կարճատև, բայց արյունալի ռազմական միջամտությամբ։
--00--ԼՀ