Խելացի, կրթված, նախաձեռնող երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է․ ՄԻՊ ուղերձ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

l-0x107wh-1280x746z-0.6141

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

«Հարգելի՛ երիտասարդներ,

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ:

Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է: Ձեր ներուժը պետք է գնահատվի, իսկ իրավունքների պաշտպանությունն ու իրացումը պետության կողմից պետք է երաշխավորված լինեն:

Վստահ եմ` երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում պետք է խթանվի էլ ավելի մեծ եռանդով: Երիտասարդներին առնչվող հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են։ Այդ առումով խիստ կարևորում եմ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի գործունեությունը, որի նպատակն ու խնդիրներն են աջակցել Պաշտպանին երեխաների և երիտասարդների հետ համագործակցության զարգացման հարցերում, նպաստել նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների վերհանմանը։

Սիրելի՛ երիտասարդներ,

Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում, որ մշտապես կատարելագործվեք որպես անհատ, քաղաքացի և մասնագետ»։

--00—ՅՄ