ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների միջև ագրոպարենային ապրանքների շրջանառության մեծացմանը, գյուղատնտեսության թվայնացմանն ու ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։
Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողների միջև հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։
Գևորգ Պապոյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ»,-նշված է հաղորդագրության մեջ։
--00--ԼՀ