ՆԱՏՕ-ն մեկնարկում է ամենամյա միջուկային Steadfast Noon զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

թ.

ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ին կսկսի ամենամյա միջուկային զորավարժությունները, որոնք կտևեն երկու շաբաթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

Ըստ հայտարարության՝ ՆԱՏՕ-ի Steadfast Noon ամենամյա միջուկային զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 60 ինքնաթիռներ, որոնք վարժական թռիչքներ կիրականացնեն Արևմտյան Եվրոպայի օդային տարածությունում:  Steadfast Noon երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն կործանիչներ, որոնք ունակ են կրելու ամերիկյան միջուկային մարտագլխիկներ, բայց մարտական զենք չի կիրառվի։

«Steadfast Noon-ը դաշինքի միջուկային զսպման կարևոր փորձարկում է, որը հստակ ազդանշան է ուղարկում ցանկացած հակառակորդի, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի բոլոր դաշնակիցներին», - հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Դաշինքն ընդգծում է, որ առաջիկա զորավարժությունները «սովորական և կրկնվող վարժական գործունեություն են, որոնք անցկացվում են ամեն հոկտեմբեր»։ 

«Steadfast Noon-ում ներգրավված են 2000 զինծառայողներ 8 ավիաբազաներից և տարբեր տեսակի ինքնաթիռներ, ներառյալ միջուկային զենք կրելու ունակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղեկցորդ կործանիչներ, լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև ինքնաթիռներ, որոնք ունակ են հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի», - նշված է հաղորդագրության մեջ:

Այս տարվա զորավարժությունները հիմնականում ենթադրում են թռիչքներ ընդունող երկրների՝ Բելգիայի և Նիդեռլանդների, ինչպես նաև Դանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային ծովի օդային տարածությունում, հայտնել են ՆԱՏՕ-ում: 

«ՆԱՏՕ-ն միջոցներ է ձեռնարկում դաշինքի միջուկային զսպման անվտանգության, արդյունավետության և հուսալիության ապահովման համար», - հավելում է դաշինքի մամուլի ծառայությունը:

 --00—ԼՀ