ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է ազգային-եկեղեցիական տոներից Սուրբ Թարգմանչաց տոնը, որը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը:
Թարգմանչաց տոնը Սուրբ Աննա եկեղեցու քահանա Տեր Զենոն Բարսեղյանի մասնակցությամբ նշվել է նաև ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը:
Տեր Զենոն քահանա Բարսեղյանը նախ մանրամասն ներկայացրել է տոնի խորհուրդը, այնուհետ անդրադարձել հայ մշակույթի, պատմության և հայ ժողովրդի գոյաբանության համար կարևորագույն դեր ունեցող հայ մեծանուն թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու և այլոց գործունեությանը:
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս ավելի մոտ լինել ազատազրկված անձանց՝ բացահայտելով նրանց ներաշխարհը, արժեհամակարգը, պահանջմունքները՝ անհրաժեշտության դեպքում օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
--00—ՍՊ