Լաոսն իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ում խնդիրների խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

յ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Վիենտյանում է՝ ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ նիստին մասնակցելու համար:

Պատվիրակության կազմում է նաեւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:

Գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, եւ ընդգծել, որ նման գագաթնաժողովները եւս կարեւոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է զրուցակցին, որ ՀՀ Ազգային ժողովում գործում են AIPA-ի բազմաթիվ խորհրդարանների հետ բարեկամության խմբեր եւ հույս է հայտնել, որ երկու խորհրդարաններում նման խմբերի ստեղծումը կարող է արդյունավետ կամուրջ հանդիսանալ՝ նպաստելով միջխորհրդարանական փոխգործակցությանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Լաոսի փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել Հայաստանում խնդիրների խաղաղ կարգավորմանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի Հանրապետության անկախությանը:

Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը:

 --00—ՍՊ