ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22 , 24News
Ինչպես և կանխատեսելի էր, Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության
պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական
բանակցային օրակարգ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ իր գլխավոր նախապայմանը ՀՀ
սահմանադրության փոփոխությունն է ու սա այն պարագայում, որ իշխանությունը
ևս առանձնապես դեմ չէ այդ փոփոխությանը ո՛չ քաղաքական, ո՛չ բովանդակային,
ո՛չ էլ գաղափարական առումով և միակ վերապահումը, մեծ առումով, ժամկետներն
են:
Որքան էլ որ արտաքուստ տարօրինակ հնչի, Ադրբեջանին այս պահին պետք էլ չի,
որ Հայաստանն իր սահմանադրությունն արագ փոփոխի, հատկապես որ դա տեխնիկապես
էլ հնարավոր չի կարճ ժամկետում կազմակերպել:
Ադրբեջանն օգտագործելու է այս ժամանակահատվածը Հայաստանին ագրեսոր,
ապակառուցողական կողմ հռչակելու և նոր զիջումներ կորզելու համար:
Ինչքան էլ Հայաստանի իշխանությունը հայտարարի, թե զիջումների առումով այլևս
տեղ չկա կամ դա արդեն ինքնիշխանության խնդիր է առաջացնում, գործող
իշխանության այս 6 տարիների գործունեությունը վաղուց է մեր երկրի համար ոչ
միայն ինքնիշխանության, այլ տարածքային ամբողջության և անվտանգության խորը
խնդիրներ առաջացրել:
Մյուս կողմից, Ադրբեջանն արդեն լավ է ճանաչում գործող կառավարիչներին՝
իրենց էությամբ, խոցելիությամբ և անսկզբունքայնությամբ և, բնականաբար,
օգտվելով իրավիճակից, անընդհատ սեղմելու է Հայաստանի շուրջ օղակը:
Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր, ժողովրդի կամքի արտահայտո՞ւմ: Այս
իշխանության կենաց-մահու կռիվը, պայքարը միայն սեփական ժողովրդի դեմ է և,
ըստ այդմ՝ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը: Այդ
ամենն ուղեկցվում է շանտաժով, լուտանքներով, վիրավորանքներով, իսկ որոշ
դեպքերում՝ մարդկանց ազատությունից զրկելով:
Իսկ Ադրբեջանի հետ քաղաքական-քարոզչական պայքարում իշխանությունը բացառապես
հեզ է, անտրտունջ, սիրալիր, և վերջը չերևացող զիջողական ու դա այն դեպքում,
որ ի պատասխան, Ադրբեջանից մշտապես ստանում է ապտակներ, անարգանք և
խարխլված պայմանավորվածություններ:
Վստահ եմ, որ իշխանության ներսում էլ այս պարզ ճշմարտությունները
գիտակցողներ ու մտահոգվողներ կան և իշխանության վերնախավն էլ գիտի, որ սա
լավ տեղ չի տանելու, սակայն անձնական կամ նեղ խմբային շահերը գերակա են
հռչակվել և պետության հաշվին Հայաստանի դիմադրողականությունն է մաշեցվում»,-ասաց նա:
--00—ԼՀ