ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Վրաստանում այցով գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ճեպազրույցում նա հայտարարել է, որ հունգարացի դիտորդների ներկայացրած զեկույցի համաձայն՝ «բոլոր հայեցակետերը դրական են ազատ և ժողովրդավարական ընտրությունների տեսանկյունից»։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում պատերազմ, քանի որ դա տեղի է ունենում հարևան երկրում։ Մենք նաև գիտենք, թե որքան կարևոր է խաղաղությունը։ Հունգարիան Եվրոպայում խաղաղասեր երկիր է, և մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, քանի որ դուք նույնպես խաղաղության ջատագով եք։ Ոչ ոք չի ուզում կործանել իր երկիրը և ներքաշվել պատերազմի մեջ: Դրա համար մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը՝ նրանք ընտրել են խաղաղությունը»,- ասել է Վիկտոր Օրբանը։
Նա նաև խորհուրդ է տվել Վրաստանի վարչապետին, թե ինչպես արձագանքել սպասվող քննադատությանը։
--00—ԼՀ