ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «անհանգստացած» է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, իսկ խորհրդարանական ընտրություններն իբր ուղեկցվել են «ընտրողների ահաբեկմամբ և պարտադրանքով»։
«Ես խորապես անհանգստացած եմ վերջին շրջանում երկրում ժողովրդավարության հետընթացով», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, ԱՄՆ նախագահը մտահոգված է Վրաստանում արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունմամբ, որն իբր «պատճենում է ռուսական օրենքները»։
Բայդենի խոսքով՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն իբր ուղեկցվել են «վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով, ընտրողներին ահաբեկելով և հարկադրելով»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանքը», որը հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, ստացել է ձայների 53,93 տոկոսը։
Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ՝ ստանալով ընդհանուր 37,78%:
Ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում ԿԸՀ տվյալները։
--00—ՅՄ