ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը սեփական նախաձեռնությամբ վայր է դնում պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ՝ Կառավարության անդամների զանգվածային հրաժարականների ֆոնին, մամուլը գրել էր, որ մանդատները վայր են դնելու նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը։ Սակայն երկուսն էլ 24News-ի հետ զրույցում հերքել էին այդ տեղեկատվությունը։
Այսօր երեկոյան էլ տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որտեղ ըստ 24News-ի տեղեկությունների՝ քննարկվելու է հենց Զեյնալյանի և Աղազարյանի հարցը։
Մինչ ՔՊ-ականները որոշում կկայացնեն, 24News-ը ուսումնասիրեց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հասկանալու համար, թե ո՞վ է փոխարինելու Նարեկ Զեյնալյանին խորհրդարանում։ Այսպիսով, պարզ դարձավ, որ գրանցված հաջորդ թեկնածուն 98 համարի ներքո գտնվող Ալեքսանդր Ավետիսյանն է, որն այս պահին հանդիսանում է վարչապետի խորհրդականը հասարակական հիմունքներով։
Եթե Հովիկ Աղազարյանն էլ վայր դնի պատգամավորական մանդատը, ապա նրան փոխարինելու է Ջուլիետա Ազարյանը, որը 2022 թվականին հանդիսացել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ