ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24News
Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներից հետաքրքրվում էր դպրոցների ու մանկապարտեզների շինարարությունների մանրամասներից, թե ինչ փուլում են, երբ են ավարտելու շինարարական աշխատանքները: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանից, օրինակ, հետաքրքրվեց, թե արդյոք նորմալ աշխատո՞ւմ է դպրոցը, ինչին ի պատասխան՝ մարզպետը նշեց, որ այո:
Բայց պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի մտերիմ Հայկ Ղալումյանը վարչապետին իրականությունը չի ներկայացրել: 24News-ի թղթակիցն այս պահին գտնվում է Կիրանցի դպրոցում, որտեղ դասապրոցեսն իրականացնում են առանց ջեռուցման: 24News-ին դպրոցի աշխատակիցները փոխանցեցին, որ խնդիրը արևային կայանի տրանսֆորմատորի հետ է կապված:
24News-ը Հայկ Ղալումյանին հարց ուղղեց, թե ինչու՞ ջեռուցում չկա, այն դեպքում, երբ ինքը վարչապետին զեկուցել է, թե դպրոցը նորմալ աշխատում է: «Այս պահին ջեռուցում չկա, դուք ինքներդ էլ տեսաք, որ աշխատանքներ են տարվում: Ջեռուցում միայն այսօր չկա»,- ասաց Ղալումյանը, որին օգնության հասավ դպրոցի աշխատակիցներից մեկն ու նշեց, որ այս ընթացում «պլիտաներով» տաքացրել են դպրոցը. «էնպես չի, որ մեր երեխեքը սառել են, դասասենյակներում 17 աստիճան է, միջանցքում՝ 16»:
Մերի Մանուկյան
--00—ԱՊ