Այս պահին Ալիևն անցկացնում է ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք «վերադառնալու» խորհրդաժողով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

վգ.

Ադրբեջանում այս պահին, Ալիևի գլխավորությամբ, միջազգային խորհրդաժողով է, որը նպատակ ունի մշակել ադրբեջանցիների՝ դեպի ՀՀ վերադարձի մեխանիզմները:

Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:
Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները:

Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:

Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի»,- գրել է նա:

 --00—ԼՀ