Սրբուհի Գալյանը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել ընտրական օրենսդրությանը վերաբերող կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հհ.jp

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ԳԴՀ միջև համագործակցությունը:

 Ներկայացնելով արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ զրույց է ծավալվել մասնավորապես դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության շուրջ: Այս համատեքստում քննարկվել են բարեփոխումների իրականացման ուղղությամբ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 Անդրադարձ է եղել արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ոլորտներին, այդ թվում` հաշտարարության և արբիտրաժի, անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա Գերմանիայի Դաշնային Հանրապետության լավագույն փորձի տեղայնացմանը:

 Նախարարը ներկայացրել է ընտրական օրենսդրության կարգավորումներին առնչվող մանրամասներ, ինչպես նաև դեսպանի խնդրանքով դրվագային անդրադարձ է արվել նոր սահմանադրության հայեցակարգին՝ ընդգծելով անձանց սոցիալական իրավունքների ճշգրտության կարևորությունը: Նախարարը շեշտել է, որ Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների շղթայական իրականացումն էլ ավելի է մոտեցնելու մեր պետությունը եվրոպական արժեքներին և ստանդարտներին:

 Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում իրականացված և ընթացող ոլորտային բարեփոխումներին, ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին:

--00—ԼՀ