Շիրակի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից հանցագործությունների դեմ հետևողական պայքարի արդյունք են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումները:
Ներկայացնենք դրվագներ վերջին օրերի բացահայտումներից:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը կից խորդանոցից 330 գրամ մարիխուանա է իրավապահներին ներկայացրել նաև գյումրեցի 57-ամյա տղամարդը:
Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արթիկի բնակիչ 58-ամյա տղամարդը Գրիգոր Լուսավորչի փողոցի իր տանը թմրամիջոց է պահում:
Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե մեկնած ոստիկաններին տանտերը հայտնել է, որ բնակարանում պահում է թմրամիջոց և պատրաստ է ներկայացնել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է տարբեր տարաներում լցված ընդհանուր 6 կգ 450 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Բոլոր դեպքերով նախաքննություն է կատարվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ