ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 19, 24News
Արագածոտնի մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանը, որը ձերբակալվել էր ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով, ազատ է արձակվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Մարկոսյանի փաստաբան Գագիկ Պապոյանը։
«Երկուշաբթի առավոտյան՝ տնից դուրս գալուց, ոստիկանության 2 մեքենա կանգնեցնում են, մեքենայից դուրս են քաշում Մարկոսյան Արմենին, պառկեցնում են ասֆալտին, ձեռնաշղթաներ են հագցնում ու տեղափոխում ոստիկանության բաժին»,- մանրամասնեց փաստաբանը։
Ըստ փաստաբանի՝ արդեն բաժնում քրեական ոստիկանների ներկայությամբ Արմեն Մարկոսյանի բաճկոնի աջ գրպանից հանել են 11․47 գրամ դեղնականաչավուն զանգված։ Մարկոսյանը բաժնում պնդել է, որ դա իրենը չի եղել և հասկանալի չէ, թե որտեղից է իր մոտ հայտնվել։
«Ցուցմունքների ժամանակ, Մարկոսյանը հայտնել է, որ չի կարող ասել, որ պահին և ինչպես է դա իր մոտ հայտնվել»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ Մարկոսյանը թմրանյութերից հեռու մարդ է՝ սպորտսմեն է։
Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հայտնել էր, որ այլ տողատակեր է տեսնում այս պատմության մեջ, քանի որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ իր օգնականի ու Աշտարակի համայնքային ոստիկանության պետի հարաբերությունները լարված են և որ հնարավոր է՝ «գլխին սարքել» են։
Ի պատասխան այս դիտարկմանը, փաստաբանը հայտնեց, որ Մարկոսյանը տված ցուցմունքում այդ կապակցությամբ ոչինչ չի հայտնել։ Մարկոսյանը նախաքննական ցուցմունքի ժամանակ հայատարարել է, որ երբևէ թմրանյութ չի օգտագործել և խնդրել է, որ իրեն ենթարկեն փորձաքննության․ «Քննիչը ամիջապես որոշում կայացրեց, տեղում նմուշ վերցվեց՝ օրենքի տառը պաշտպանելով, բայց պատասխանները դեռ չենք ստացել»,- ասաց փաստաբան Գագիկ Պապոյանը։
Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ