ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 24, 24News
Գործարար Կարեն Հակոբյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ, փաստական հանգամանքի հիմքում դրվել է, որ նա ձեռք է բերել մի ընկերությունում բաժնեմաս, որն էլ իր հերթին բաժնեմաս ունի մի այլ ընկերությունում։ Նրա բաժնեմասի ձեռքբերումը կապում են նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ու մարդկանց հետ, որոնց հետ նա կապ չունի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Կարեն Հակոբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
«Նա գործարար է, ձեռք է բերել բաժնեմաս, եթե այս գործելակերպը դառնում է պրակտիկա, նշանակում է՝ ցանկացած գործարար, եթե ձեռք է բերում որևէ ընկերությունում բաժնեմաս, ապահովագրված չէ Կարեն Հակոբյանի ճակատագրին արժանանալու ռիսկից»,- ընդգծեց պաշտպանը։ Հարությունյանի խոսքով, Հակոբյանը արդեն երեք ամիս է, ինչ կալանավայրում է, բայց նախաքննություն իրականացնող մարմինը նրա արարքը հիմնավորող գեթ մեկ ապացույց ձեռք չի բերել։
Հարությունյանը մանրամասնեց նաև, որ միջնորդվել է տնային կալանք համակցված բավականին մեծ գրավի գումարով, որը մերժվել է, ինչից ակնհայտ է, որ կալանքը որպես ճնշման միջոց է գործարկվում։ «Խնդրում և պահանջում ենք հրաժարվել կալանքը ճնշման գործիք օգտագործելուց, ապահովել Կարեն Հակոբյանի ազատության իրավունքը։ Եթե խնդիր է դրված նրան կալանավայրում պահելու, նշանակում է՝ կալանքի նպատակը ճնշման գործիք օգտագործելն է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ