Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի հարցին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

l-0x19wh-3088x1799z-0.2545

Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է հանրային հնչեղություն ստացած՝ ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամին վերաբերող հարցին և անհրաժեշտ է համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը.

հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ,

արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում մտքի, խղճի և կրոնի ազատությունը,

առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,

հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով,

կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից,

վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,

հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝

Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք:

--00—ՅՄ