ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News
Հունվարի 9-ին լրանում է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակը:
Արևելագետ, բանասեր, պատմաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։
1946-ին՝ մանուկ հասակում, ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան՝ հաստատվելով նախ Կիրովականում, իսկ 1947-ից՝ Երևան քաղաքում։
1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ (83,4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։
1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական վիճահարույց, բայց միջազգային դիտորդական առաքելությունների կողմից օրինական ճանաչված ընտրությունների արդյունքում, քվեների 51.75%-ով վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
1998թ. փետրվարի 3-ին, ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ Անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով եւ երկիրը ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու նկատառումով, հրաժարվել է ՀՀ նախագահի պաշտոնից։ Նրա հետ մեկտեղ, նույն պատճառներով, իրենց պաշտոններից կամավոր կերպով հրաժարվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարներ եւ պատասխանատու աշխատողներ:
2007թ. աշնանը մի շարք քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու։
2008թ. փետրվարի 19-ին կայացած ընտրություններում պաշտոնական տվյալներով ստացել է 21.51%, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82% ձայն։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տվյալներով, սակայն, Տեր-Պետրոսյանն իրականում ստացել է 30–35% ձայն, ինչը նշանակում է, որ պետք է նշանակվեր ընտրությունների երկրորդ փուլ, որում, նույն աղբյուրի համաձայն, Տեր-Պետրոսյանը հաստատաբար հաղթանակ կտաներ։
2008թ. մարտի 1-ի լուսաբացին, համաժողովրդական բողոքի տասնօրյա խաղաղ, շարունակական հանրահավաքներն ու նստացույցը իշխանությունների կողմից ցրելուց հետո Տեր-Պետրոսյանը ենթարկվել է մոտ մեկամսյա փաստացի տնային կալանքի։
2012թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից։
2013թ. ապրիլի 13-ին ընտրվել է «Հայոց համազգային շարժման» իրավահաջորդը հանդիսացող «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության նախագահ։
Տիրապետում է հայերենին եւ ռուսերենին, բավարար մակարդակով օգտվում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ասորերեն, արամեերեն, հին հունարեն, լատիներեն եւ հին եբրայերեն լեզուներից։
Հեղինակ է 30-ից ավելի գրքերի, շուրջ 80 գիտական հոդվածների եւ բազմալեզու մամուլում սփռված քաղաքական բնույթի հազարավոր հրապարակումների (ճառեր, ելույթներ, հոդվածներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ եւ այլն)։
--00—ԼՀ