ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։ Ամեն դեպքում, վստահ ենք, որ ոստիկանության այդ ապօրինի գործողության միակ նպատակն էր անհարմարություններ պատճառել, քաղաքական ընդդիմադիրի նկատմամբ ինչ-որ պրոցեսներ իրականացնել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ արձակել։
Դեպքի ժամանակ նրանք գտնվել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին սպասարկող ավտոմեքենայում։
Արսեն Բաբայանի դիտարկմամբ՝ ոստիկանները չէին կանխատեսել, որ ինքը ևս կարող է լինել այդ մեքենայի մեջ։ «Այն, ինչ երեկ դրեցինք իրենց գլխին, դժվար թե նորից անեն, բայց եթե անեն, ապա ավելի դաժան ենք լինելու»,- նշել է Բաբայանը՝ ավելացնելով, որ հունվարի 10-ին ոստիկանության իրականացրած գործողությունը ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի աշխատակիցների նկատմամբ, առաջին դեպքը չէր և հենց դա էր պատճառը, որ ձեռնարկեցին երեկվա պատասխան գործողություններն ու աղմուկը։
«Ձերբակալելու» օպերացիան իրականացնելիս ոստիկաններն ասել էին, թե կասկածում են ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ, սական հետագա գործողությունները վկայել են, որ դա ընդամենը եղել է պատճառաբանություն՝ քաղաքական գործչի թիմակիցների նկատմամբ «մասկի շոու» կազմակերպելու համար, քանզի ոչ մեկի մոտ էլ չի եղել ապօրինի զենք, իսկ Արսեն Բաբայանի ձերբակալությունը փորձել են ի սկզբանե հերքել՝ պարզելով նրա ինքնությունը։
«Իմ ներկայությունը իրենց գործողություններին խանգարեց։Բոլոր ձերբակալվածներին նույն օրն են բաց թողել, դեռ երեկ, բայց դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ 4-րդ անգամն էր արդեն։ Նույն սցենարով այս տղաներին ձերբակալում են, տանում 6 ժամ պահում են, թողնում են ու գիտեն, որ որևէ այլ զարգացում չի կարող լինել»,- նշել է Արսեն Բաբայանը։
Ըստ նրա՝ ոստիկանները թատրոն են սարքում, մինչդեռ մարդուն առանց որևէ իրավական հիմքի բերման ենթարկելը ապօրինի գործողություն է, մարդու իրավունքների խախտում, որովհետև չի կարելի մարդուն 6 ժամով հենց այնպես ազատազրկել։
«Սա նաև քաղաքական հետապնդման դասական օրինակ է ՝ առանց հիմնավոր պատճառի կամ հորինված պատճառով անձին մեկուսացնելը՝ որոշակի այլ նպատակներից ելնելով։ Ընդ որում, 3 ժամ էլ չէ, 6 ժամ անպայման պահում են, որևէ քրեական գործ չեն հարուցում», - ասել է Բաբայանը։
--00—ԼՀ