ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Վաշինգտոնում ստորագրվում է հայ-ամերիկյան հարաբերության ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունը, իսկ Հայաստանում դա ներկայացվում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության պայմանագիր: Իսկ դրանց տարբերությունը շատ էական է, որովհետեւ մեկը ընդամենը աշխատանքային կարգ է, աշխատակարգ, իսկ մյուսը միջպետական հարաբերության կարգավիճակ:
Եվ դրա համար բերեցի նաեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հանձնաժողովնների օրինակը, որոնց աշխատանքի կանոնադրությունը ստորագրվեց 2024 թվականի օգոստոսի 30-ին: Ասել, թե կանոնադրության ստորագրումով Հայաստանի ու ԱՄՆ հարաբերությունը ռազմավարական գործընկերության է, նույնն է, թե ասել, որ կանոնադրությունը ստորագրելուց հետո Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը գծվել ու զատվել է: Պարզ է չէ՞, որ կաոնադրությունը ոչ թե այդ մասին է, այլ այդ նպատակին գնալու մեխանիզմի, ճանապարհի, մեթոդի մասին:
Նույն կերպ, Վաշինգտոնում ստորագրված կանոնադրոությունը հայ-ամերիկյան ռազմավարական գործակցության գնալու ճանապարհի մասին է: Կանցնե՞ն կողմերն այդ ճանապարհը, ինչ դինամիկայով, ինչ ինտենսիվոությամբ, ինչ արդյունավետությամբ, դա արդեն պայմանավորված է բազմաթիվ գործոններով:
Եվ, վերջինը: Այդ ամենի մասին արտահայտվելու «նեղություն» եմ քաշում, որովհետեւ դիցուք ինձ համար հայ-ամերիկյան հարաբերությունը ոչ թե հանրային ծափերի, լայքերի, սրտիկների ու դիտումների «հավաքագրման» միջոց է, այլ Հայաստանի պետական քաղաքականության չափազանց կարեւոր մի ուղղություն, որի կարեւորության անհրաժեշտությունից է բխում այն առավելագույնս զերծ պահել մանիպուլյատիվ ներգործությունից, չափազանցված սպասումների հակառակ էֆեկտի հեռանկարի ռիսկերից, առավելագույնս պահել աշխատանքային իրատեսության դաշտում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի հասնել ոչ թե առավելլագույն տեղեկատվական, այլ առավելագույն միջպետական էֆեկտի»։
--00—ՍՊ