ԱՄՆ-ն մտադիր է աջակցել ՀՀ սահմանապահ զորքերի և ՊԵԿ-ի կարողությունների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

17146368746196

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը․

«Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունն առանցքային է Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։

1․ Հաշվի առնելով համաշխարհային խաղաղության և կայունության սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, այդ թվում՝ առաջիկա տարվա ընթացքում նախաձեռնելով երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ, և մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով՝ աջակցել Հայաստանի զինված ուժերին:

2․ Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ ջանքերում: Եվրաատլանտյան կառույցներին Հայաստանի ինտեգրման խորացումը երկկողմ առաջնահերթություն է, և կողմերը նախատեսում են ընդլայնել անվտանգության ոլորտում  համագործակցությունը և բարեփոխումների ծրագրերն՝ ուղղված Հայաստանի փոխգործունակության աճին և պաշտպանության ամրապնդմանը:

3․ Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման վտանգը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են ուսումնասիրել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի միջոցները՝ միջազգային չտարածման չափանիշներին համապատասխանելու, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և վերահսկողության ամրապնդման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը:

4․ Հաշվի առնելով կառավարությանը, բիզնեսին և հասարակությանը վնասակար կիբեռդերակատարների կողմից տևական սպառնալիքը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և մարդու իրավունքները հարգող թվային ապագայի ուղղությամբ: Հայաստանը և Միացյալ Նահանգները նախատեսում են շարունակել առկա կամ նոր կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանոնավոր խորհրդակցություններ կազմակերպել:

5․ Միացյալ Նահագները մտադիր է շարունակել իրավունքները հարգող կառույցների խթանումը, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարարության և իրավապահ գերատեսչությունների բարեփոխումներին և արդիականացմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցության միջոցով: Ակնկալվում է, որ նման աջակցությունը կներառի ոստիկանական կրթություն և այլ միջոցառումներ՝ ապահովելու հանրային անվտանգությունը, չարաշահումների համար պատասխանատուներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև անդրազգային հանցագործության և կոռուպցիայի դեմ պայքարելու համար»:

--00—ՅՄ