ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը․
«Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային հաղորդակցությունը, բարելավելու երկկողմ գործարար միջավայրը և ապահովելու ապրանքների ու ծառայությունների շուկայական հասանելիությունը։ Կողմերը գիտակցում են, որ արդար, աշխատողակենտրոն ու կայուն առևտուրն էական է մատակարարումների դիմակայուն շղթաները, հավասարաչափ զարգացումը, ազատությունն ու բարեկեցությունն առաջ մղելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:
1․ Ընդունելով առևտրի և ներդրումների ավելացման կարևորությունը տնտեսական աճի և զարգացման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել երկկողմ առևտրի և ներդումների ավելացման ռազմավարական հնարավորությունները:
2․ Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության և մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն ստանդարտներին համաձայն, էներգետիկ անվտանգության և արդյունավետության խթանման ջանքեր, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժնի զգալի աճ, ինչպես նաև տարածաշրջանային ու եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածությանն ուղղված միջոցառումներ:
3․ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատանքային խումբ նախաձեռնել՝ ամրապնդելու երկակի օգտագործման ապրանքների արտահանման վերահսկողության կիրարկումը, համադրելու քաղաքականության շրջանակները և փոխանակելու տեղեկատվությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համատեղ երկխոսություն նախաձեռնել՝ ԱՄՆ Առևտրի քարտուղարության արտահման վերահսկվող տեխնոլոգիաներին Հայաստանում գործող վստահելի ընկերությունների կողմից առավել մեծ հասանելիության շուրջ:
4․ Հասկանալով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի հասցեագրման և տնտեսական աճի խթանման գործում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության հնարավորություններն այն ոլորտներում, որոնք կաջակցեն գյուղատնտեսական ապրանքների առևտրի միջավայրի ամրապնդմանը:
5․ Հաշվի առնելով Հայաստանի՝ դեպի ծով ելք չունենալը, և համաշխարհային առևտրային շուկաներին սահմանափակ հասանելիության պատճառով առաջացած բազմաշերտ մարտահրավերները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի` ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով»:
--00—ՅՄ