ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Անապահովության գնահատման նոր համակարգով ակնկալվում է բարձրացնել պետական համապատասխան աջակցության հասցեականությունը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ համոզմունք հայտնելով, որ նախատեսվող անապահովության գնահատման նոր համակարգն իր հետ գաղափարական փոփոխություններ կբերի։
«Այսինքն՝ մենք փորձելու ենք այնպես անել, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդը չմնա շարունակական անհուսալիության մեջ, որում նրան պահում է աջակցությունը։ Մարդու հետ աշխատանք, մենթորություն չի տարվում, որպեսզի նա աշխատի և դուրս գա այդ վիճակից։ Նոր համակարգը, որն աշխատելու է տվյալների փոխգործելիության առկայության դեպքում, այսինքն՝ մենք կարողանալու ենք ընտանիքի մասին հնարավորինս շատ տվյալներ ունենալ փոխգործելի մեր մյուս գերատեսչություններից, հնարավորություն է տալու ճիշտ գնահատել մարդն իրականում ունի՞ դրա կարիքը, թե՞ ոչ»,-պարզաբանեց Մկրտչյանը՝ հավելելով, որ կլինեն զտիչներ, որոնցով անապահովության համակարգում կմնան կամ կընդգրկվեն այն անձինք, որոնք իրականում համապատասխանում են չափանիշներին։
Ըստ նախարարի՝ անապահովության գնահատման համակարգի նոր դիմումները կընկալվեն որպես զբաղվածություն ունենալու հայտեր, ըստ որի՝ շահառուները կուղղորդվեն ու աշխատանքի առաջարկ կարվի։
«Զբաղվածության ռազմավարությունն այս առումով շատ կարևոր է, և քաղաքացիների՝ աշխատանքից շարունակական հրաժարվելը մենք դիտարկելու ենք որպես եկամտի աղբյուր ունենալու դրսևորում։ Մի նոր համակարգ ենք ներդնում, որը վերագրումների համակարգ է, այսինքն՝ համարելու ենք, որ մեր քաղաքացիները առնվազն պարենային զամբյուղի չափով եկամուտ ունեն, եթե հրաժարվում են աշխատել։ Այդ վերագրումներն աճեցնելով՝ հասցնելու ենք սպառողական զամբյուղին և նրանց համակարգից հանենք»,-նշեց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ ցուցիչ կհամարվի անապահովության սահմանային շեմը՝ պարենային զամբյուղը, որն այս պահին 34 հազար 581 դրամ է կազմում։
Կիրականացվի կարիքների գնահատում, որի արդյունքում ընտանեկան ու սոցիալական նպաստների փոխարեն ներդրվելու է անապահովության նպաստ։
Դրա շահառու կլինեն այն անձինք, որոնք գնահատվել են աղքատության քառաստիճան ցուցիչով՝ ծայրահեղ անապահով, միջին, չափավոր և անապահով։ Ըստ այդմ էլ ընտանիքներին կտրամադրվեն համապատասխան ծառայությունների փաթեթները՝ ինչպես դրամական, այնպես էլ՝ կրթական, կոմունալ և առողջապահական արտոնություններ։
Գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ կբարձրանա նպաստի միջին չափը։
«Գործող համակարգում նպաստի միջին չափը 33 հազար 350 դրամ է, նոր համակարգում այն կկազմի 49 հազար 330 դրամ»,-մանրամասնեց Մկրտչյանը։
Նա ընդգծեց նաև, որ նպաստառուները հանդիսանում են անկանխիկ գնումներից կուտակվող գումարի հետվճարի շահառու, ուստի սրա շնորհիվ նպաստի չափը կավելանա լրացուցիչ 5900 դրամով՝ անապահովության համակարգի ամբողջական ներդրման դեպքում միջին նպաստը հասցնելով մինչև 55 հազար դրամի։
Նախարարի խոսքով՝ վերջին թարմ տվյալներով անապահովության համակարգում այժմ ընդգրկված է 60 հազար ընտանիք։
Նշենք, որ անապահովության գնահատման նոր համակարգն առայժմ պիլոտային ձևաչափով 2025 թվականի մարտի 17-ից կիրականացվի Սյունիքի և Կոտայքի մարզերում։
--00—ԼՀ