ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
ԱՄՆ Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ սահմանել և այլ միջոցներ ձեռնարկել այն երկրների դեմ, որոնք հրաժարվում են համագործակցել կամ կատարել ԱՄՆ-ից արտաքսված իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։
«Կոլումբիան և բոլոր երկրները պետք է նկատի ունենան՝ Կոնգրեսը լիովին պատրաստ է պատժամիջոցներ և այլ միջոցներ կիրառել նրանց դեմ, ովքեր լիարժեք չեն համագործակցում կամ չեն կատարում ԱՄՆ-ում անօրինական գտնվող իրենց քաղաքացիներին ընդունելու պահանջները», - գրել է Ջոնսոնը X սոցիալական ցանցում:
Նա նշել է, որ Կոնգրեսը վարելու է այնպիսի քաղաքականություն, որը կուժեղացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան առաջնահերթ է» օրակարգը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Կոլումբիան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսված միգրանտներին, ուստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախկինում հայտարարված 25% մաքսատուրքերի սահմանումն ուժի մեջ չի մտնի: Կոլումբիայի դեմ այցագրային պատժամիջոցները և ԱՄՆ սահմաններին Կոլումբիայի քաղաքացիների ուժեղացված զննումը կգործեն մինչև ԱՄՆ-ից վտարված միգրանտների առաջին ինքնաթիռը վայրէջք կատարի, ասել են Սպիտակ տանը: Մինչև կողմերի միջև համաձայնության ձեռքբերումը Կոլումբիան հրաժարվել էր ընդունել ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռները՝ արտաքսված միգրանտներով։
--00—ՅՄ