Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

մգ.jp

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ս.թ. հունվարի 26-ին մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորել է Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, առաջընթաց, բարօրություն և հարատև խաղաղություն:

«Թեև մեր երկրները գտնվում են աշխարհագրորեն տարբեր տարածաշրջաններում, մեզ միավորում են հարուստ պատմական անցյալը, ժողովրդավարական արժեքները և միմյանց մշակութային ժառանգության հանդեպ խորը հարգանքը:

Մեր հարաբերությունները շաղկապված են բարեկամության դարավոր կապերով, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումն ու զարգացումը երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Հնդկաստանը շարունակում է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի համար՝ որպես միջազգային ասպարեզում իր հաստատուն տեղն ամրապնդած կարևորագույն դերակատար»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 Աարձանագրելով, որ վերջին տարիներին հաջողվել է նոր հանգրվանի հասցնել հայ-հնդկական համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ հայկական կողմը վճռական է երկկողմ հարաբերություններում չիրացված ներուժը լավագույնս իրացնելու և երկու երկրների միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում:

 Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծ կարևորություն է տալիս նաև բարեկամ Հնդկաստանի հետ գործընկերության զարգացմանը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախաձեռնությունների շրջանակներում՝ ի շահ խաղաղության և անվտանգության համընդհանուր նպատակների առաջմղման:

 «Համոզված եմ, որ մեր հարաբերությունները գտնվում են ճիշտ կետում և կշարունակեն ամրապնդվել բարեկամության, համերաշխության ու փոխշահավետ գործընկերության ոգով»,- ամփոփելով խոսքը նշել է փոխվարչապետը:

--00—ԼՀ