ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News
Կառավարությունը նախատեսում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի և նախագծերի հարթակում։
Անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այդպիսի զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:
12-ամսյա պարտադիր զինծառայություն անցնող զինծառայողներին կտրամադրվի միանվագ 10 օր արձակուրդ՝ ծառայության հինգերորդ ամսից հետո:
Նախագիծը լուծում է մի քանի հիմնական խնդիրներ, այդ թվում՝ զինվորական ծառայության գրավչության ավելացումը և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը։ Հատկապես ուշադրություն է դարձվում սահմանային զորամասերում ծառայության պայմաններին՝ առաջարկելով ավելի երկար արձակուրդներ:
--00—ԼՀ