Արարատը հանվում է դասագրքերից, ինչպես թուրքը խոզի մսից է խուսափում, այնպես էլ ՔՊ-ն՝ «ազգային» բառից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News 

Գիտությունների ազգային ակադեմիան` որպես օրենքով ստեղծված կազմակերպություն, կորցնում է իր կարգավիճակը, այն կդառնա հիմնադրամ։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմքում դրված է, որ ԳԱԱ-ից հանվելու են գիտական հետազոտական կազմակերպությունները, որոնց թիվը 30-ից ավելի է, և դրանք բռնի կերպով միացվելու են այլ բուհերի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» միավորման վարչության անդամ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։

Փորձագետի խոսքով, 2023 թվականի վերջում ընդունված գիտնականների ատեստավորման կարգը խնդիրներ է առաջացրել, վերջին 5-6 տարում գիտնականների թիվը մոտավոր 7000-ից նվազել է 4500-ի։ «Ըստ այդ որոշման՝ պաշտոններ զբաղեցնող գիտնականները, եթե օտար լեզվով հրապարակումներ չունեն, ատեստավորմանը չեն կարող մասնակցել։ Աշխատավարձն այդքան էլ գայթակղիչ չէ, չափանիշները բարձր են և չեն համապատասխանում, գիտնականները նախընտրում են նույն գործն անել արտասահմանում՝ ավելի բարձր աշխատավարձով»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով դպրոցական դասագրքերին, փորձագետը նշեց, որ դասագրքեր գրող մասնագետների, գիտնականների խմբերին ասվում է, որ ուսումնական նյութերում Արարատի լուսանկար ու թեմա չլինի, այլապես՝ չեն կարող մասնակցել մրցույթին։

«Եթե Արարատի լուսանկար ու թեմա է լինում դասագրքերում, մրցույթից դուրս են մնում, օրինակներ կան, որ նման խորհուրդ են տվել․ դասագիրքը լավն է, բայց խնդրում ենք խմբագրել, որ մտնի դպրոց։ Նման բան 1920 թվականի Օսմանյան կայսրությունն էր անում՝ հայկական դպրոցներից հանում էր այն, ինչը կապված էր ազգայինի հետ, հիմա արվում է ՀՀ իշխանությունների ձեռքով՝ Թուրքիայի թելադրանքով։ Իշխանությունը ազգային բառից վախենում է այնպես, ինչպես թուրքը՝ խոզի մսից»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ