ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Հայոց ցեղասպանության թանգարանում ՀՀ ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատն անցկացրեց վարժանք՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը Հայոց ցեղասպանության թանգարանում» թեմայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ թանգարանի ընտրությունը պատահական չէ, քանի որ տվյալ հաստատությունն ունի ռազմավարական նշանակություն։
«Մեզ նախապես տեղեկացրել էին միջոցառման մասին։ Այն կարևոր է մեզ համար՝ չնայած մեր անձնակազմը պարբերաբար ունենում է մարզումներ ու վերապատրաստումներ։ Այդուհանդերձ, հավելյալ պատրաստումը չի խանգարի։ Միջոցառումն առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է մեզ մոտ։ Անցյալ տարի վարժանքներն անցկացվեցին վարչական մասում, իսկ այս անգամ կազմակերպվեց հենց թանգարանում։ Հաշվի առնելով, որ մշտապես ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք, պետք է պատրաստ լինենք, որ բոլոր արտակարգ պատահարների դեպքում կարողանանք արագ և ճիշտ արձագանքել։ Մեր շենքում, բնականաբար, ունենք հրշեջ միջոցներ, տարբեր տեղերում տեղակայված կրակմարիչներ, կան տարհանման սխեմաներ բոլոր սենյակներում։ Մեր հսկիչները պատրաստ են գործել այդ սխեմաների համաձայն։ Մեզ մոտ գործում է նաև հակահրդեհային համակարգ»,- տեղեկացրեց Գզոյանը։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, փոխգնդապետ Գարեգին Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ հատուկ տակտիկական վարժանքի նպատակն էր բարձրացնել հրշեջ-փրկարարների մարտական պատրաստվածությունը և ուսումնական պրոցեսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակազմին սովորեցնել արտակարգ իրավիճակների դեպքում արդյունավետ գործելու վարքականոնները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ