ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ԱՄՆ-ն Ուկրաինայի իշխանություններին ուղարկել է հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի վերանայված և «բարելավված» տարբերակն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր դժգոհությունն էր հայտնել իր ուկրաինացի գործընկերոջ կողմից նախորդ տարբերակը չստորագրելու առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Համաձայնագրի ստորագրումն այժմ ավելի հավանական է թվում, նշում են աղբյուրները։ Axios-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ խորհրդականները Զելենսկիին հորդորել են ստորագրել պայմանագրի թարմացված տարբերակը՝ Թրամփի հետ հետագա հակասություններից խուսափելու, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային օգնության մատակարարումն արդարացնելու համար։
Համաձայնագրի նախագծում, ըստ դրան ծանոթ աղբյուրերի, ասվում էր, որ օգտակար հանածոներից ստացված եկամուտների 50%-ը տրամադրվելու է ԱՄՆ-ին, որ համաձայնագիրը լինելու է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո, և որ այն առավելություն է ունենալու Ուկրաինայի այլ առևտրային համաձայնագրերի նկատմամբ:
Աղբյուրները նշել են, որ վերջին օրերին կողմերը շարունակել են բանակցությունները, և ԱՄՆ-ն հաշվի է առել Կիևի որոշ մտահոգությունները։ Այսպիսով, ԱՄՆ-ն հանել է այն պարբերությունը, ըստ որի համաձայնագրի կատարման վերահսկողությունը լինելու է Նյու Յորքի դատարանի իրավասության ներքո։
Ուկրաինական կողմին նաև չի բավարարել այն, որ նախագիծը չի ներառում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ։
Զելենսկին հրաժարվել էր հանդիպել Կիև ժամանած ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ, ստորագրել տվյալ համաձայնագիրը, ինչից հետո Թրամփը հրապարակայնորեն վիրավորանքներ էր հնչեցրել Ուկրաինայի նախագահի հասցեին, այդ թվում՝ նրան անվանելով «բռնակալ» և կոչ անելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել։
--00--ԱՀ